Գեղարքունիքն  ամենախոշոր մարզն է ըստ  տարածքի և զբաղեցնում  է  տարածքի 18%-ը: Մարզն  իր մեջ  ներառում  է 5 քաղաք` Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական  բնակավայրեր: Մարզի ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթն է 3598մ: Բարձր լեռներ են Սպիտակասարը 3555 մ, Վարդենիսը 3522 մ, Գեղասարը 3446մ: Առկա  են նաև  խառնարանային լճեր` Աժդահակ և Արմաղան /մինչև 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ/:

Սևանա լիճ

Գեղարքունիքի մարզում  է  գտնվում  բարձր լեռնային, եզակի  էկոհամակարգով Սևանա լիճը, որի  ավազանի ընդհանուր մակերեսը կազմում  է շուրջ 5 հազ. քառ. կմ, լճի հայելու  մակերեսը` 1.2 հազ. քառ. կմ, ծավալը` 35.8 մլդ.խմ: Այն ոչ  միայն մարզի, այլ նաև  հանրապետության համար ունի  առանձնահատուկ կարևորություն: Սևանա լիճը տարածաշրջանի քաղցրահամ  ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճն էական  ազդեցություն  ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական  հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա: Գեղարքունիքի մարզը  յուրահատուկ է իր առողջարար կլիմայով, լճափնյա հնագույն հուշարձաններով ու   մշակությի օջախներով, բուսական և կենդանական աշխարհի առանձնահատկություններով, բնական միջավայրի  գեղեցկությամբ:

Գոգավորության  հյուսիսային մասով ձգվում  են Արեգունու, հյուսիս-արևելյան մասով Սևանի լեռնաշղթաները, իսկ արևելյան մասով Արևելյան Սևանի լեռնաշղթան, որը  օղակ է  Սևանի ու Վարդենիսի  լեռնաշղթաների միջև: Եթե Արեգունու  և Սևանի լեռնաշղթաների Գեղարքունիքի մարզի  սահմաններում գտնվող   լանջերը  զառիթափ են ու կտրտված, ապա Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների  դեպի Սևանա  լիճ նայող լանջերը համեմատաբար  մեղմաթեք են, որտեղ այդ լեռների  բազմաթիվ հրաբխային կոներից   դուրս ժայթքած  լավան հրաբխային  լեռնալանջերից բացի  առաջացրել է  նաև  սարավանդներ, քարակարկառներ: Մարզի հենց այս  հատվածներում էլ` Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների  ու Սևանա լճի միջև  գտնվող վայրերում  զգալի հարթ տարածություններ կան, որոնք շատ հարմար  են հողագործության  համար: Դրանք հատկապես Մասրիկ, Արգիճի գետերի ու Գավառագետի հովիտներն են: Դրանցից համեմատաբար  ընդարձակը Մասրիկի  դաշտն է: Այդ հարթ տարածությունները  ծովի  մակերևույթից ունեն 1900-2200մ  բարձրություն:

Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճ, Ծովագյուղ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով